Ցեղասպանություն
Ցեղասպանությունը (գենոցիդ) ծանրագույն հանցագործություն է մարդկության
դեմ. ծրագրվում և իրականացվում է ազգային, ռասայական, էթնիկական կամ կրոնական որևէ
խմբի լիակատար կամ մասնակի բնաջնջման նպատակով:
Ցեղասպանության պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվորական
դատարանների կանոնադրություններով, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերով ու
<<Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին համաձայնագրով>>
(1948թ. ուժի մեջ է մտել 1951թ-ին):
Համաձայնագիրը մշակելու և ընդունելու գործում էական դեր է խաղացել
լեհ (ծագումով` հրեա) իրավագետ Ռաֆայել Լեմկինը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի
հանցագործների Նյուրնբերգյան դատավարության (1945թ-ի նոյեմբերի 20-1946թ-ի հոկտեմբերի
1) ժամանակ ԱՄՆ-ի մեղադրողի խորհրդականն էր: Մինչ այդ` 1943թ-ին նա կիրառել էր
<<գենոցիդ>>` <<ցեղասպանություն>> եզրույթը` այդպես բնորոշելով
Եվրոպայի հրեաներին հետևողականորեն ոչնչացնելու նացիստական քաղաքականությունը և հայերի
կոտորածները Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18 թթ.) տարիներին:
Նյուրնբերգյան դատավարությունը, որը դատապարտեց Եվրոպայում գերմանական
զավթիչների իրագործած ցեղասպանության (հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ
խմբերի) բազմաթիվ դեպքեր, հիմք դարձավ ընդունելու ցեղասպանության մասին Համաձայնագիրը:
Համաձայնագրի 2-րդ հոդվաժի 5 կետերում թվարկված են այն գործողությունները,
որոնցից յուրաքանչյուրի իրականացումը համարվում է ցեղասպանություն.
1.
Խմբի անդամների սպանությունը
2.
Նրանց մարմնական ծանր վնասվածք պատճառելը կամ մտավոր
խանգարման հասցնելը
3.
Խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որի
նպատակը նրանց լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է
4.
Խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները
5.
Երեխաների բռնի հանձնումը մարդկային մի խմբից մյուսին:
Ըստ Համաձայնագրի` ցեղասպանության կամ թվարկված գործողություններից
որևէ մեկի մեղավորները պետք է պատժվեն. ցեղասպանության համար պատժի առումով իրավաբանական
վաղեմություն չի ընդունվում, պատիժը կարող են սահմանել ինչպես ազգային, այնպես էլ հատկապես
այդ նպատակով ստեղծված միջազգային ատյանները (3-6 հոդվածներ):
Համաձայնագրի 2-րդ կարևոր սկզբունքը ցեղասպանության կանխարգելումն
է. սա մի հիմնահարց է, որին առնչվում են ինչպես ամբողջական ազգեր, այնպես էլ առանձին
անհատներ:
XX – XXI դարերի ցեղասպանությունները
Հայոց ցեղասպանություն.
1915-23թթ-ին
Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանությունն է,
որին զոհ է գնացել 1.5մլն մարդ:
1988-90թթ-ին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում ադրբեջանցիների
իրագործած հայերի կոտորածներն ու տեղահանությունը ցեղասպանության գործողություններ
են և համապատասխանում են ՄԱԿ-ի Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին 3 կետերին:
Ասորիների
ցեղասպանություն. 1915-23թթ-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի
կազմակերպած ասորիների կոտորածներն են Թուրքիայի տարածքում (զոհվել է շուրջ 700 հազար
մարդ):
Պոնտոսի
հույների ցեղասպանություն. 1916-23թթ-ին Օսմանյան կայսրության և քեմալական
Թուրքիայի կազմակերպած հույների կոտորածներն են (353 հազար մարդ զոհվել է):
Հոլոքոստ
(լատիներեն
նշանակում է ողջակիզում). Երկրորդ աշխարհամարտի (1939-45թթ.) տարիներին ֆաշիստական
Գերմանիայի իրագործած հրեաների, սլավոնների և գնչուների ցեղասպանությունն է: Գերմանիայում
և զավթված երկրներում կառուցված համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել են շուրջ
6մլն հրեա, հարյուրհազարավոր սլավոններ, գնչուներ և էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ:
Ֆաշիզմի ջախջախումից հետո Նյուրնբերգյան դատավարությունը հրեաների ցեղասպանությունը
հայտարարել է հանցագործություն մարդկության դեմ և դատապարտել: Հրեաներին հնարավորություն
է տրել ապաստանելու իրենց պատմական հայրենիքում` Իսրայելում, և վերականգնելու հրեական
պետականությունը:
Սերբերի
ցեղասպանություն. 1941-45թթ-ի սերբերի կոտորածն է Խորվաթիայում` Անտե
Պավելիչի ֆաշիստամետ վարչակարգի օրոք (զոհվել է մոտ 700 հազար մարդ):
Քհմերների
ցեղասպանություն. 1975-79թթ-ին Կամբոջայում` Պոլ Պոտի դաժան
վարչակարգի
օրոք, Կարմիր քհմերների կազմակերպության` սեփական ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունն
է, որին զոհ է գնացել 3մլն մարդ:
Իրաքի քրդերի
ցեղասպանություն. 1987-89թթ-ին Անֆալ ռազմագործողության ընթացքում իրաքյան
զորքերի իրագործած քուրդ բնակչության կոտորածն է Հյուսիսային Իրաքում:
Ռուանդայի
ցեղասպանություն. 1994թ-ին Ռուանդայում, իշխանությունների ցուցումով,
ծայրահեղական հուտուների ռազմականցված խմբավորումների իրագործած թութսիների և չափավոր
հուտուների կոտորածն է (ավելի քան 800 հազար մարդ է զոհվել):
Դարֆուրի
ցեղասպանություն. 2003թ-ից Դարֆուրում (Սուդանի Ժողովրդական Հանրապետություն)
էթնոքաղաքական հակամարտության պատճառով արաբալեզու քոչվորները կոտորում են աֆրիկացի
նստակյաց բնակչությունը:
Ցեղասպանության յուրահատուկ դրսևորում էր Ապարհեյդը (անջատ բնակություն). Հարավաֆրիկյան Հանրապետությունում
(1948-94թթ-ին) եվրապական ծագում չունեցող բնակչության համար առանձնացված էին հատուկ
ապրելավայրեր, որտեղ սահմանված կարգի խախտումը համարվում է քրեորեն պատժելի:
Комментариев нет:
Отправить комментарий